Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի՝ «Ժողովրդավարություն 1918» շարժման արտահերթ համագումարում որոշում է կայացվել դադարեցնել կազմակերպության գործունեությունը։ Այդ մասին ասվում է «Ժողովրդավարություն 1918» ֆեյսբուքյան օգտահաշվում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Երկրում տիրող հակաժողովրդավարական համակարգը և դրա ստեղծած ապաքաղաքական միջավայրն անհնարին են դարձնում քաղաքական գործունեության ցանկացած ձև։ Մյուս կողմից, սահմանափակ ռեսուրսները հնարավորություն չեն տալիս համարժեք արձագանքել սոցիալական խնդիրներին և նպաստել դրական փոփոխությունների իրականացմանը։ Մենք հավատում ենք, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների հասունանալու դեպքում նորից կհայտնվեն կազմակերպություններ, որոնց գործունեությունը կդառնա քաղաքական փոփոխությունների գրավականը»,- ասված է հայտարարության մեջ։
«Հասարակության ապատիայի պայմաններում շատ դժվար է քաղաքական փոփոխություններ առաջարկել և իրականացնել։ Եթե անհատները չեն ցանկանում փոխել այն համակարգը, որում գտնվում են, հավաքական կազմակերպությունը կորցնում է իր նշանակությունը»,- ասել է շարժման առաջնորդ Ահմեդ Մամեդլին։
Միաժամանակ նա նշել է, որ չնայած շարժման դադարեցմանը, կից գործող այլընտրանքային արհմիությունների կոնֆեդերացիան, ինչպես նաև ուսանողական կազմակերպությունը շարունակելու են իրենց աշխատանքը։
«Ժողովրդավարություն-1918» շարժումը (D18) 2014 թվականին ստեղծել են մի խումբ ակտիվիստներ՝ նպատակ ունենալով խթանել ժողովրդավարական գաղափարներն Ադրբեջանում և ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը։