Արևմտամետ վերլուծաբանները խոսում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու՝ Հայաստանի ենթադրյալ ցանկության մասին, սակայն Ռուսաստանի Դաշնությունը նման պաշտոնական ազդակներ չի տեսնում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է պաշտպանելու Հայաստանին, եթե հարձակվեն այդ երկրի տարածքի վրա, խոսնակն ասել է. «Եթե խոսքը Հայաստանի տարածքի մասին է, գիտեք, մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում: Իմացեք նաև, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում, հանգամանքները փոքր-ինչ փոխվեցին, ուստի դա նույնպես պետք է հաշվի առնել, դա Երևանի որոշումն էր»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է նաև Հայաստանում ԱՄՆ զորավարժություններին: Նա ասել է, որ Ռուսաստանը կվերլուծի, թե ինչու է Հայաստանն ԱՄՆ-ի, այլ ոչ ՀԱՊԿ-ի հետ զորավարժությունների մասին որոշումներ կայացնում։ Նա ընդգծել է, որ Մոսկվան «կփորձի հասկանալ, թե ինչու հենց Հայաստանն է նման որոշումներ կայացնում, ինչ նպատակներ են հետապնդվում»։ Պեսկովը միաժամանակ նշել է, որ նման վերլուծություն կիրականացվի Երևանի հետ սերտ, գործընկերային երկխոսության ընթացքում: