Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրումը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում, հաղորդում է ТАСС-ը։
«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, խոչընդոտում է, հետաձգում է, ժամանակ է անցնում, մինչև նորից վերադառնանք, նստենք և սկսենք աշխատել»,- ասել է ՌԴ փոխվարչապետը և հավելել. «Բանակցությունները չեն դադարել, շարունակվում են»։
Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով, տեղի կունենա, երբ դրա համար պայմանները հասունանան։
Ավելի վաղ փոխվարչապետն աշխատանքային խմբի վերջին հանդիպման արդյունքներով էական առաջընթաց էր արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնեցման հարցում: