Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի գործընկերներին՝ կապված Փարիզում Իսլամական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման հետ։ Այդ մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Այս հարձակումից մի քանի օր առաջ մենք նախազգուշացրել էինք Ֆրանսիայի կառավարությանը, որ ինչ-որ մեկը կարող է հարձակվել մեր դիվանագիտական հաստատությունների վրա, և խնդրել էինք Ֆրանսիայի ու եվրոպական մի շարք այլ երկրների իշխանություններին ուժեղացնել Իրանի դեսպանատների անվտանգությունը»,- ասել է նա։
Քանանին նաև ընդգծել է, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ Ֆրանսիայի կառավարությունը լիովին պատասխանատու է իր տարածքում գտնվող Իրանի դեսպանատան և դիվանագիտական այլ օբյեկտների անվտանգության համար։
Սեպտեմբերի 9-ին Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր, որ անհայտ անձն այրել է Փարիզում Իրանի դեսպանատան հետնամուտքի դուռը, որտեղ գտնվում է դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժինը։ Հաջորդ օրը ISNA գործակալությունը հայտնել էր, որ Իսլամական Հանրապետության դիվանագիտական առաքելությունը վերսկսել է աշխատանքը։ Ըստ վերջին տեղեկությունների՝ հարձակվողը Մոլոտովի կոկտեյլ է նետել դեսպանատան դռան վրա։