ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը տեղեկացրեց, որ ելնելով իրավակիրառ պրակտիկայից՝ իրականացնում են որոշակի շտկումներ:
«Օրինակ՝ գիտենք, որ Կառավարությանը վերապահված է լիազորություն՝ սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների գները, և այս պարագայում նաև անհրաժեշտություն է առաջացել հավաստագրերի հիմքով տրամադրել նաև վերանորոգման հավաստագրեր, և Կառավարությունը, որպեսզի կարողանա սահմանել դրանց գնային միջակայքը և գները հստակ, անհրաժեշտություն է առաջացել ապահովել լիազորող նորմ»,- ասաց Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ մյուս փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթի են:
Հարակից զեկուցող՝ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը պարզաբանեց՝ նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն:
«Կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծին»,- ասաց Պողոսյանը:
Իր հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ընդգծեց՝ քննարկում են չափազանց կարևոր օրենսդրական նախաձեռնություն: Խոսքը դեղապահովման մասին է:
«Գործող օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ անձի ֆունկցիոնալության թեթև խանգարում ունեցող անձինք ևս հարյուր տոկոս կստանան դեղերի փոխհատուցում»,- հավելեց պատգամավորը՝ ընդգծելով՝ սա չափազանց կարևոր փոփոխություն է:
Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:
Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների և լրացումների նպատակը օրենքի լիազորող նորմերը հստակեցնելն է:
Խնդիրն այն է, որ որոշ լիազորող նորմեր խմբագրվել են, իսկ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքից հանվել է տարեկան ծրագրին առնչվող լիազորող նորմը: Ըստ այդմ՝ հիշյալ օրենքից առաջարկվում է հանել նաև «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը» հաստատելու նորմը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից՝ «հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը» հաստատելու նորմը, քանի որ նախատեսվել է դրանք չհաստատել որպես առանձին ծրագրեր, այլ դրանց իրականացմանն առնչվող գործողությունները արտացոլել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրում:
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն ՀՀ օրենսդրությունը համահունչ դարձնել 2019 թվականի ապրիլի 29-ի «ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» թիվ 18 համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման հետ:
Հաշվի առնելով, որ Հայաստանը 2024 թվականից ամբողջությամբ անցնելու է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին, նախատեսվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները: