«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առաջարկվող լրացումները վերաբերում են օրենքի 108-րդ հոդվածի 2-րդ մասին և 110-րդ հոդվածի 2-րդ մասին: Գործող օրենքով գլխավոր դատախազը պատգամավորի և Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է ներկայացնել միայն Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
«Այսինքն՝ եթե, օրինակ, դեպքը տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, այսինքն՝ հունիսին, իրավապահ մարմինները հնարավորություն չեն ունենա սահմանված ժամկետներում կատարել իրենց պարտականությունները, քանի որ միջնորդագիրն Ազգային ժողովը կարող է քննարկել միայն սեպտեմբեր ամսին, այսինքն՝ երեք ամիս անց: Առաջարկվող լրացմամբ պատգամավորի և Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող է քննարկվել ԱԺ արտահերթ նստաշրջանում կամ նիստում»,- ասել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ հավելելով, որ նախագծի ընդունմամբ միջնորդագրի քննարկման գործընթացը չի ձգձգվի՝ պայմանավորված միայն կարգավորումներով:
Խորհրդարանը սեպտեմբերի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի և Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը նույնպես դրական էր:
Իրենց տեսակետներն ու առաջարկներն են ներկայացրել ելույթ ունեցած ընդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Նազարյանը՝ առաջարկելով հիմնավորապես քննարկել հարցը: Նախաձեռնության համահեղինակ Արփինե Դավոյանը նշել է, որ նախագիծը քաղաքական նպատակադրումներ և ենթատեքստ չունի, ինչպես կարծում են ընդդիմադիր պատգամավորները: Համահեղինակի խոսքով՝ սա փոփոխություն է, որը պետք է տեղի ունենա: Գործընկերների ելույթներին անդրադարձել է նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, տվել պարզաբանումներ:
Եզրափակիչ ելույթում Հասմիկ Հակոբյանը ևս անդրադարձել է գործընկերների տեսակետներին և առաջարկներին, տվել պարզաբանումներ: