Ամեն քաղաքացի կարող է իր խաղային հաշիվը լիցքավորել միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից: «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն ԱԺ նիստի ժամանակ ներկայացրեց Գևորգ Պապոյանը:
Ըստ նախագծի համահեղինակի՝ նախկինում սահմանվել էր, որ բոլոր տեսակի խաղադրույքները պետք է կատարվեն միայն անկանխիկ եղանակով, և որ այս նոր նախագիծը վերջինիս տրամաբանական շարունակությունն է:
«Ամեն քաղաքացի պետք է իր խաղային հաշիվը լիցքավորի միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից: Քաղաքացին չի կարող այլ քաղաքացու խաղային հաշիվն իր քարտային հաշվից լիցքավորել:
Մեր նպատակը ոչ թե այն է, որ մարդիկ անպայման անկանխիկ խաղան, այլ իմանանք, թե ով է խաղում և ով չի խաղում»,- ասաց Գևորգ Պապոյանը և հավելեց. «Մենք հնարավորություն ենք ունենալու իմանալ, թե ովքեր են խաղամոլները, և խաղամոլների հետ կապված որոշակի վերաբերմունք դրսևորենք: Օրինակ, եթե պարզվի՝ ինչ-որ մեկին պետությունը 30 հազար դրամ է տալիս, որպեսզի իր երեխայի նվազագույն պարենային խնդիրները լուծի, բայց այդ մարդը, օրինակ, 30 կամ 90 հազար դրամի ամսվա ընթացքում խաղում է, սա, կարծում եմ, որ խնդիր է, և մեր քաղաքացիները, հարկատուները այդ մարդուն չեն վճարում, որպեսզի գնա, շահումով խաղերով զբաղվի»:
Պապոյանը նաև տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվում է նաև պատասխանատվություն տուգանքի տեսքով, գումարի չափը՝ 200 հազար դրամ: