Այսուհետ նվիրատվության գործարքների վերաբերյալ տեղեկությունները կներկայացվի ԿԲ-ին. նախագիծ
Անշարժ գույքի նվիրատվությունների թիվն աճել է: Ոլորտը վերահսկելի դարձնելու նպատակով կստեղծվի տվյալների բազա, որում կենտրոնացված կլինեն նվիրատվության գործարքների մասին տվյալները: Այս մասով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» նախագիծն Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ներկայացրեց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծի անհրաժեշտությունն առաջացել է նվիրատվության գործարքների թվի շեշտակի աճի պատճառով:
«Հայաստանի Հանրապետությունում նոտարների և Կադաստրի կոմիտեի համար նվիրատվությունների մասով ԿԲ-ին հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն սահմանելու նպատակ ունի օրինագիծը»,- ասաց նա և հավելեց, որ սահմանվում են այն դեպքերը, երբ լիազոր մարմնին՝ ՀՀ ԿԲ-ին, պետք է ներկայացվեն կասկածելի գործարքի կամ կասկածելի գործարքի, գործարար հարաբերության և պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություններ:
«Նվիրատվությունների գործարքները ներկայիս կարգավորումներով չեն հանդիսանում պարտադիր հաշվետվության ենթակա: Ուսումնասիրելով 2020-22 թթ. Կադաստրի կոմիտեի տվյալները՝ արձանագրել ենք, որ նվիրատվությունների եղանակով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու գործարքները կտրուկ աճել են: Ներկայացնեմ մի քանի թվեր. մասնավորապես, 2020-ին գրանցվել է նվիրատվության 4017 գործարք, մարզերում՝ 8674: Դրա համեմատ 2021 թվականին Երևանում՝ 5882 գործարք, մարզերում՝ 12.060, իսկ 2022-ին արդեն Երևանում՝ 7334 գործարք, իսկ մարզերում՝ 15.765:
Նվիրատվության գործարքների անընդհատականության աճն իր մեջ պարունակում է հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց թվում կան այնպիսի գործարքներ, որոնք նպատակ ունեն թաքցնելու ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը և, այսպես ասած, օրինականացնելու այն: Ու թեև օրենքով նոտարների ու կադաստրի վրա դրված է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կեղծ և շինծու գործարքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պարտականություն, սակայն նման պարտականությունը ամբողջությամբ չի ծածկում ներկա իրավիճակով պայմանավորված ռիսկերը: Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի նվիրատվության գործարքը հաստատող, գրանցող սուբյեկտներն իրենց հաշվետվություններում պարտադիր ներառեն և սահմանեն, սահմանված կարգով ԿԲ-ին ներկայացնեն տեղեկություններ նաև նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ: Արդյունքում՝ նշված տվյալները կլինեն ԿԲ-ի տրամադրության տակ, ինչը հնարավորություն կտա դրանց մոնիթորինգի արդյունքում գնահատել ռիսկերը, ինչպես նաև առանձին դեպքերում կանխել կամ բացահայտել ապօրինի գույքի վերաբերյալ կատարված առանձին գործարքները»,- ասաց նա:
Արա Մկրտչյանը նաև նշեց, որ նախագծի ընդունմամբ կստեղծվի մեխանիզմ նվիրատվության գործարքների մասով ռիսկերը կառավարելու, գնահատելու, ինչն իր դրական ազդեցությունը կունենա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից:
Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր հերթին ընդգծեց՝ քանի դեռ նախագիծը չի ընդունվել, հնարավորություն կա ապօրինի գույքի օրինականացման: