Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հայտնել է, որ փոփոխություններով առաջարկվում է կարգավորել օրենքի այն դրույթները, որոնք այլևս չեն գործում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը 2023 թվականի հունվարի 1-ից իր հաստիքներով ու գործառույթներով Կոմիտեի կազմից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի համակարգ: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է «Հարկային ծառայության մասին» օրենքի՝ քննչական ստորաբաժանմանը վերաբերող դրույթները ճանաչել ուժը կորցրած:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը զեկուցողից հետաքրքրվել է, թե վրացական պետհամարանիշերով մեքենաների հետ կապված ինչ փոփոխություն է նախատեսված, քանի որ լուրջ անհանգստություն կա հասարակության լայն շերտերի մեջ: «Մարդիկ տասնյակ հազարներով վրացական մեքենաներ են ներմուծել Հայաստան և շահագործում են: Իրենց մոտ լուրջ անհանգստություն կա, քանի որ օրերս տեղեկություն ստացանք, որ ՊԵԿ-ը նոր օրենսդրական նախաձեռնություն է ուզում մտցնել, որով մարդիկ պետք է մաքսազերծեն այդ մեքենաները»,- ասել է պատգամավորը:
Արթուր Մանուկյանը հայտնել է, որ խոսքը, հավանաբար, թեթև մարդատար ավտոմեքենաների մասին է, որոնք ժամանակավոր՝ մինչև 1 տարով ներմուծվում են Հայաստան: «Քանի որ մեզ մոտ գործող իրականությունը հետևյալն է, որ անցնում է 365 օրը, և այդ մեքենաները շարունակում են մնալ Հայաստանում, հետևաբար Կառավարությունում քննարկվում են հարցի լուծման մի շարք տարբերակներ: Այս պահին դեռևս հասարակությանը ներկայացվելիք վերջնական առաջարկ չկա, այն քննարկման փուլում է: Ոչ թե խոսքը վերաբերում է այն մեքենաներին, որոնք ներմուծվել են և պետք է պարտադիր մաքսազերծվեն, այլ ՊԵԿ առաջարկությունը վերաբերելու է ընդամենն ապահովագրական ծածկույթը որպես ապահովում ներկայացնելու փոխարեն կանխիկ գումարով դեպոզիտ ներկայացնելուն»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը:
Նա նշել է, որ այդ ներմուծված ավտոմեքենաների համար չի վճարվում գույքահարկ ու բնապահպանական հարկ: Այդ մեքենաների համար ընդամենն ապահովագրական ծածկույթի տեսքով ներկայացվում է ապահովում, և դրանք շարունակում են շահագործվել ՀՀ-ում: «Այս վիճակը կարգավորման կարիք ունի, եւ, հետևաբար, Կառավարությունը ներկայումս քննարկում է հարցի լուծման այն ճանապարհը, որը կլուծի ե՛ւ պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցը, ե՛ւ մյուս խնդիրները»,- պարզաբանել է ՊԵԿ փոխնախագահը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Դավիթ Առուշանյանը: