2023 թվականի սեպտեմբերի 4-11-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 19 հաղորդում, որից 16-ը՝ հանցագործությունների մասին: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 11-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Այդ մասին հայտնում են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու բոլոր 7 դեպքերը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։
ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների, այդ թվում՝ նշված ժամանակահատվածում գրանցված անձնական ունեցվածքի գողության՝ 2 և հափշտակություն բնութագրմամբ 1 դեպքի բացահայտման ուղղությամբ:
Ադրբեջանական զինուժն անցած շաբաթվա ընթացքում Մարտունու և Ասկերանի շրջաններում 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կրակել գյուղատնտեսական նշանակության դաշտերում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հաղորդագրությունները փոխանցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմին:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար: Սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում՝ քաղաքացին վարելով HAYASA RC 200-2 մոտոցիկլետը, բախվել է ճանապարհի աջ մասում կայանված՝ «Մերսեդես Բենց սպրինտեր» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հանրապետական բժշկական կենտրոն:
ՆԳ նախարարության բոլոր ծառայությունները ԼՂ տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք: ԼՂ պաշարման պատճառով ծառայությունն իրականացվում է արտակարգ ռեժիմով: Ոստիկանության և ԱԻՊԾ ծառայողները վերահսկում են հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն: