Գրքերի մեծ մասն արդեն դպրոցներում է, մյուս մասն էլ կհասնի դպրոցներ այս ամսվա ընթացքում: Կարծում եմ, որ որևէ լուրջ խնդիր ամբողջ տարվա կրթական պրոցեսի համար չի առաջացնելու: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով դասագրքերի ուշացման խնդրին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծեց, որ դասագրքերը էլեկտրոնային հասանելի են, ուսուցիչները իրազեկված են, դպրոցները տեղեկացված են կրթության կազմակերպման մասին:
«Սա նախարարության բացթողումը չէ որևէ ձևով. ես կուզեի, որ այն մարդիկ, որոնք հետաքրքրված են գործընթացով, վերցնեն նախորդ ամբողջ տարվա աշխատանքը, որն արվել է, և տեսնեն, թե ինչ տրամաբանությամբ, ինչ հաջորդականությամբ է եղել, և մեզ հարցեր տային դրա արդյունքների մասին: Օրինակ՝ դուք նայե՞լ եք՝ ինչպես է փոխվել դասագրքերի ապահովման կարգը, դասագրքերի ստեղծման կարգը, հարցադրում արե՞լ եք արդյոք՝ դաշտում հայտնվե՞լ են նոր խաղացողներ, արդյոք ինչպե՞ս է փոխվել դասագրքի գինը, արդյոք ունե՞նք ակնկալվող բարելավումներ, որ պետք է լինեին այս պրոցեսների արդյունքում: Մենք տեսնում ենք, օրինակ, որ դասագրքերի տպագրության գինը շուրջ 50 տոկոսով և ավելի նվազում է, որովհետև մենք դաշտը բացել ենք, ձևավորվել է մրցակցային դաշտ, հայտնվել են նոր խաղացողներ: Ես անձամբ եղել եմ բոլոր տպարաններում, խոսել եմ մարդկանց հետ:
Ձեզնից որևէ մեկը բացե՞լ է որևէ նոր դասագիրք և նայել. խորհուրդ կտամ բացել աշխարհագրության 7-րդ դասարանի դասագիրքը և, տեսնել, օրինակ քարտեզները՝ Քյու Առ կոդերով, լրացուցիչ էլեկտրոնային նյութերով, որոնք տեղադրված են դասագրքերում, ինչպես է ավելի հետաքրքիր, հասանելի, պարզ ու մատչելի դառնում նյութի մատուցումը:
Ամբողջությամբ փոխվել են ընթացակարգերը, պահանջները դասագրքերի նկատմամբ, և, բնականաբար, դա պահանջել է ժամանակ: Մասնակիցները բոլորն իրենց մասով աշխատանքներ են տարել»,- նշեց նախարարը:
Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ ծնողները, աշակերտները, ուսուցիչները բողոքել են դասագրքերից: «Հիմա ձևավորված է լավ հնարավորություն, որ մենք կարողանանք մեր դպրոցներ մտցնել որակապես նոր դասագրքեր»,- նշեց Ժաննա Անդրեասյանը: