Հայաստանի Հանրապետությունն 2006 թվականին ստորագրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը, որը, սակայն, մինչ օրս չի վավերացրել: Այն վավերացնելու նախագիծը Ազգային ժողովում ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ հիշեցնելով, որ արձանագրությունը ԵԽ-ն ստորագրել է 2002 թվականի մայիսի 3-ին, ուժի մեջ է մտել 2003 թվականի հուլիսի 1-ին։
«Այս պահի դրությամբ արձանագրությունը ստորագրվել է Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների կողմից և ուժի մեջ է մտել 44 պետության համար։
Հայաստանի Հանրապետությունն արձանագրությունը ստորագրել է դեռևս 2006 թվականին, սակայն մինչ օրս այն չի վավերացրել։ Մինչդեռ այս արձանագրությունը այն եզակի միջազգային փաստաթղթերից է, որի առնչությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպման ընթացքում ամեն տարի մահապատժի վերացման համընդհանուր արշավի շրջանակներում գրավոր հարցում է իրականացվում այն չվավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին՝ պարզաբանելու վավերացման ձգձգման պատճառները։
Արձանագրության վավերացման հարցը պարբերաբար դրվում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում»,- ասաց նախարարի տեղակալը:
Կարեն Կարապետյանը նաև հիշեցրեց՝ մահապատիժն արդեն արգելված է Հայաստանի Սահմանադրությամբ։ 2003 թվականին Հայաստանն արդեն վավերացրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 6 արձանագրությունը, և այս առումով 13-րդ արձանագրությունը համարվում է դրա տրամաբանական շարունակությունը:
13-րդ արձանագրության վավերացումը ՀՀ-ի համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնելու, մինչդեռ միջազգային մակարդակով այս քայլը կգնահատվի որպես երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևորագույն, դրական առաջընթաց և կամրապնդի Հայաստանի վարկանիշը որպես իր պարտավորությունները հարգող միջազգային համայնքի անդամ պետություն։
Հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ՀՀ-ի կողմից վավերացման ենթակա փաստաթղթի հիմքում եվրոպական զարգացումներն են ԵԽ-ի ձևավորումից հետո մինչև մեր օրերը, և որ այն արձանագրում է մեկ ընդհանուր մոտեցում, այն է՝ մահապատժից՝ որպես պատժի տեսակից, հրաժարում բոլոր հանգամանքներում:
«Եթե 1949-1957 թվականներին՝ մինչև 60-ական թվականները, մահապատիժը շարունակում էր մնալ որպես բացառիկ պատժի տեսակ, ապա 21-րդ դարի սկզբին եվրոպական պետությունների մեծ մասն այն վերացրել է խաղաղ պայմաններում, և 21-րդ դարն արձանագրվեց նրանով, որ կարիք առաջացավ վերացնելու մահապատիժը՝ որպես պատժի տեսակ, բոլոր հանգամանքներում:
Նախ պետք է արձանագրենք հետևյալը՝ անկախ Հայաստանի պատմության մեջ երբևիցե մահապատիժ չի իրագործվել, ի կատար չի ածվել: Մենք չենք ունեցել ո՛չ նման հնարավորություններ, ո՛չ նման ինստիտուտներ, որոնք ի կատար են ածել մահապատիժը:
Երկրորդ՝ սահմանադրական բոլոր քննարկումների ժամանակ բոլոր ժամանակահատվածներում մահապատիժը դիտարկվել է որպես բացառիկ պատժամիջոց, որը պետք է վերացվի: Հայաստանի Սահմանադրության 1995 թվականի խմբագրության մեջ նշվում էր, որ մահապատիժը և դրա վերացումը կարող են կիրառվել բացառապես որպես պատիժ առավել ծանր հանցագործությունների համար, այնուհետև Հայաստանը, դառնալով ԵԽ անդամ, անցավ մահապատժից հրաժարվելու գործընթացին, որը հանգեցրեց նրան, որ 2005 թվականի Սահմանադրությունն արձանագրեց, որ մահապատիժ ՀՀ-ում չի կարող իրագործվել որևիցե հանգամանքում»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Նա նաև նկատեց, որ այս քննարկումները բավականին ակտիվ են հատկապես պատերազմի ժամանակահատվածում, որովհետև կա «մի առասպել», ըստ որի՝ ռազմական գործողությունների ընթացքում մահապատիժն ի կատար է ածվում տեղում:
Վլադիմիր Վարդանյանը դա ոչ միայն դատապարտելի է համարում, այլև արտադատական մահապատիժը համարում է հանցագործություն. «Ժնևյան կոնվենցիաները սահմանում են հետևյալ ընթացակարգը. նույնիսկ հակառակորդի զինծառայողների նկատմամբ դու կարող ես մահապատիժ նշանակել, բայց այն կարող ես իրագործել միայն հովանավորող տերություններին և ԿԽՄԿ-ին տեղյակ պահելուց հետո 6 ամիս անց: Այսինքն՝ այդ առասպելը մասմեդիայում տարածված, որ մահապատիժը պետք է և կարող է իրագործվել տեղում, չի կարող քննարկվել, չի կարող դիտարկվել այդ կոնտեքստում»:
Վլադիմիր Վարդանյանի միակ մտահոգությունն այն է, որ Հայաստանը չդառնա վերջին պետությունը Եվրոպայի խորհրդում, որը կվավերացնի այս փաստաթուղթը, որովհետև երկու պետություն է մնացել, որ չի վավերացրել այս փաստաթուղթը՝ Հայաստանն և Ադրբեջանը: