«Ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, ինչու ենք սրում այդ հարաբերությունները` երբ պատերազմին մոտ ենք»,- Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում այս հարցերին պատասխանելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի քանի թեմաների` Հռոմի ստատուտի վավերացմանը, հայ-ամերիկյան զորավարժություններին և վարչապետի տիկնոջ` Ուկրաինա այցին:
«Իմ տիկնոջ այցն անհարկի քաղաքականացվում է. կինս երկար ժամանակ ներգրավված է «Առաջին տիկինների և ջենտլմենների միջազգային գործընկերության» մեջ, դրա շրջանակներում մասնակցում է միջոցառումների, առաջիկայում նման միջոցառում ՀՀ-ում է նախատեսված, չեմ կարծում` այստեղ քաղաքական հետևություններ անելու անհրաժեշտություն կա»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով` ՀՀ-ԱՄՆ զորավարժություններ առաջին անգամ չեն տեղի ունենում:
«Հռոմի ստատուտի վավերացումը մենք մեկնարկել ենք 2022 թ. դեկտեմբերին, պարզապես մեր ընթացակարգերով այն որոշակի ժամանակ է տանում: Ցավոք, այն վատ համընկնումներ ունեցավ ՌԴ և Հաագայի դատարանի հարաբերությունների համատեքստում. այդ գործընթացն ամենևին էլ կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների, այլ կապված է սահմանային լարվածության հետ»,- ասաց նա:
Վարչապետը նշեց` հասկանալի է, որ անհանգստացնող ենթատեքստեր են ձևավորվում, բայց հավելեց.
«Չենք կարող մեր հարաբերություններն ու պարտավորությունները սառեցնել մյուս գործընկերների հետ, փորձում ենք բնականոն ձևով զարգացնել: Հռոմի ստատուտը ամենևին էլ մեր կառավարության օրոք չի ստորագրվել, այն նաև նախկինում չի վավերացվել այն պատճառով, որ ՍԴ-ն եզրակացրել է` հակասում է Սահմանադրությանը, բայց 2015 թ. մենք նոր Սահմանադրություն ունենք, այդ հակասությունները վերացված են»: