Այսօր՝ Երևանի մարզահամերգային համալիրի 40-ամյակին, բացվել է պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը: Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կարեն Դեմիրճյանի հարազատները։ Վարչապետի խոսքով՝ մայրաքաղաքում արժանի տեղում է հայտնվել Կարեն Դեմիրճյանի արձանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ես պիտի միանգամից կիսեմ այն կարծիքը, որ սա Կարեն Դեմիրճյանի արձանի համար ամենահարմար տեղն էր: Դուք գիտեք, որ ի սկբզանե նախատեսված էր կամ կար միտք, որ այդ արձանը պտք է տեղադրվի Մաշտոցի պողոտայում՝ Հյուսիսային ճառագայթի հատվածում, և, անկեղծ ասած, ինձ դուր չէր գալիս այդ տեղը, որովհետև մի տեսակ նեղվածք և նեղվածություն էի զգում այդ կապակցությամբ, որովհետև մտածում էի, որ այդ տեղը ինչպես էլ ստեղծենք, Կարեն Դեմիրճյանի մասշտաբը ի ցույց դնելու ի վիճակի չէ: Բայց էս միտքը ես բարձր չէի արտահայտում՝ մտածելով, թե ինչպես կընկալեն դա մեր հարգարժան Դեմիրճյան ընտանիքի անդամները և առանձահատուկ՝ տիկին Ռիման: Եվ ես մի օր, հիշում եմ, շատ անակնալ էր ինձ համար և հաճելի անակնալ, երբ որ տիկին Ռիման մի խոսակցության ժամանակ ասաց, որ կարծում է՝ արձանը ճիշտ չէ այդ տեղում դնելը՝ ինքն էլ մոտավորապես նույն կերպ փաստարկներ բերելով: