Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանը պետք է կատարի 12 պայմաններից ևս 9-ը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:
«Եվրահանձնաժողովը ներկայացրել է 12 առաջնահերթություն, որոնցից 3-ը դուք կատարել եք, 9-ը դեռ մնացել են»,- ասել է դիվանագետը։
Բորելի խոսքով՝ Թբիլիսին պետք է բարեփոխումներ իրականացնի օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ԶԼՄ-ների ազատության ոլորտներում:
Նրա գնահատմամբ՝ ԵՄ արտաքին քաղաքականության հետ Վրաստանի համատեղելիության մակարդակը «շատ բարձր չէ»։ Այդ ցուցանիշը բարելավման կարիք ունի:
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովն աշնանը կհրապարակի ընդլայնման վերաբերյալ զեկույց, որում կգնահատի թեկնածու երկրների առաջընթացը միություն տանող ճանապարհին բարեփոխումներ իրականացնելու հարցում։
Վարչապետ Ղարիբաշվիլին, սակայն, այն կարծիքին է, որ Վրաստանը 12 կետերից չի կատարել միայն երկուսը՝ ապաօլիգարխացումն ու ապաբևեռացումը։
Նա հույս է հայտնել, որ հոկտեմբերին Եվրահանձնաժողովը դրական հանձնարարականով կդիմի Եվրոպական խորհրդին, և մինչև տարեվերջ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ կստանա: