Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց է կատարել Երևանում և ծանոթացել վարչական շրջաններում իրականացված և ընթացքում գտնվող մի շարք ծրագրերի:
Վարչապետի առաջին կանգառը եղել է Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ ընթացքի մեջ են Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Դրանք մեկնարկել են 2022 թ., իսկ շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թ.։
Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվաուղի՝ տեղակայված շենքի 220 մ պարագծով, 2 մ լայնությամբ։ Ծրագիրը ներառում է նաև 1727 քմ տարածքի բարեկարգում։ Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 1 մլրդ 62 մլն դրամ է, որը հատկացվել է Կառավարության կողմից։ Կատարվել են աշխատանքների 65 %-ը: Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մասնաշենքի մակերեսը 1424 քմ է։ Ներառում է դահլիճ՝ 1076 քմ, 250 նստատեղով տրիբունա, հանդերձարաններ և սանհանգույցներ, ճաշարան, պարի հարթակ, ադմինիստրատիվ և օժանդակ սենյակներ, հարթակ, որը կարող է ծառայել որպես գեղարվեստական մարմնամարզության թանգարան, իսկ մրցումների ժամանակ՝ 20-30 մարդ/տեղով դիտահարթակ հյուրերի համար, նաև ներառում է ֆեն-շու Feng shui հարթակ՝ դեպի հարթ տանիք ելքով։
Հեծանվային սպորտդպրոցի երկհարկանի մասնաշենքի մակերեսը 1280 քմ է։ Առաջին հարկում տեղակայված են 70-90 աշակերտի համար նախատեսված 9 խմբասենյակ՝ ելքերով դեպի հեծանվաուղի, հանդերձարաններ և սանհանգույցներ, ֆիզպատրաստության դահլիճ, ադմինիստրատիվ և օժանդակ սենյակներ։ Երկրորդ հարկում նախատեսվում է հեծանվասպորտի թանգարան, իսկ տանիքում՝ 75 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։ Ծրագիրն իրականացվում է «Մարզական օբյեկտների շինարարություն միջոցառման» շրջանակում:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Էրեբունի վարչական շրջան, ծանոթացել թիվ 6 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին: Դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2020 թ. օգոստոսին և արդեն իսկ ավարտական փուլում են: Դպրոցը դռները կբացի հոկտեմբերի 1-ին։ Դպրոցի կառուցման արժեքը կազմել է 1 մլրդ 211 մլն դրամ։ Ներկայումս աշակերտների թիվը կազմում է 768։ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին իրականացվել է դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման գործընթացը, ինչի համար հատկացվել է 26,6 մլն դրամ։
Վարչապետը Նուբարաշեն վարչական շրջանում ծանոթացել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին, որոնք մեկնարկել են 2021 թ., ավարտը նախատեսվում է 2025 թ.։ 425 մահճակալ հզորությամբ կենտրոնը տեղակայված է շուրջ 7 հա մակերեսով հողատարածքի վրա՝ 9 մասնաշենքում (կլինիկական, ադմինիստրատիվ, օժանդակ)։ Կենտրոնի շենքային պայմանները գտնվում էին վատ վիճակում, շինությունների ենթակառուցվածքները, սարքավորումներն արդիականացման կարիք ունեին։ Հիմք ընդունելով աշխարհում ընդունված հոգեբուժական ծառայությունների ընթացքում բուժօգնության կազմակերպման փորձը և ՀՀ-ում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, իրականացվում է ծառայության արդիականացում, որը ներառում է՝ առկա մասնաշենքերի վերակառուցում՝ շուրջ 18000 քմ, 3 կցակառույցի և նոր մասնաշենքի (նարկոլոգիական բաժանմունքի համար) կառուցում՝ շուրջ 1423 քմ, ժամանակակից բժշկական սարքավորումների, կահույքի, պարագաների տրամադրում։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 4,6 մլրդ դրամ, որը հատկացվել է Կառավարության կողմից: 2021 թ. մեկնարկել և ներկայում ընթանում են 3 կցակառույցի և 1 մասնաշենքի կառուցման, ինչպես նաև 1 մասնաշենքի վերակառուցման շինարարական աշխատանքները, իսկ ճաշարանի մասնաշենքի վերակառուցման շինաշխատանքներն արդեն իսկ ավարտված են։ Կիրականացվեն կենտրոնի բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով հագեցման աշխատանքներ՝ շուրջ 525 մլն դրամի:
Կառավարության ղեկավարը հետևել է նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին, որոնք մեկնարկել են անցյալ տարի: 230 մահճակալ հզորությամբ կենտրոնի շենքային պայմանները գտնվում էին ոչ բարվոք վիճակում, շինության ենթակառուցվածքները, ինչպես նաև սարքավորումներն արդիականացման կարիք ունեին։ Իրականացվում են ծառայության արդիականացման հետևյալ աշխատանքները՝ առկա 4 հարկանի B մասնաշենքի վերակառուցում՝ շուրջ 4835 քմ, եռահարկ կցակառույցի (շուրջ 800 քմ) և լաբորատոր երկհարկանի (շուրջ 700 քմ) նոր մասնաշենքերի կառուցում, ժամանակակից բժշկական սարքավորումների, կահույքի, պարագաների (ներառյալ լաբորատորիայի ու ինտենսիվ թերապիայի ծառայությունների համար նախատեսված) տրամադրում։ Ինֆեկցիոն կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 2,5 մլրդ դրամ։ Ներկայում ընթանում են մասնաշենքի վերակառուցման, կցակառույցի և լաբորատոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները։ 2025 թ. կիրականացվեն նորակառույց ինֆեկցիոն կենտրոնի բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով հագեցման աշխատանքները, ինչի համար կհատկացվի 450 մլն դրամ: 2025 թ. երրորդ եռամսյակում նախատեսվում է նորակառույց ինֆեկցիոն կենտրոնը հանձնել շահագործման։ Արդիականացված ինֆեկցիոն կենտրոնը կնպաստի ինֆեկցիոն ծառայությունների որակի, մատչելիության, առողջապահական ցուցանիշների, բուժառուի և բուժաշխատողի անվտանգության բարելավմանը։
Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Նորք վարչական շրջան, ծանոթացել թիվ 109 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Ներկայումս ընթանում են մանկապարտեզի բակի բարեկարգման նախագծման աշխատանքներ: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում իրականացվող ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 418 մլն դրամ: Նախագիծը կյանքի է կոչվում Եվրոպական ներդրումային բանկի վարկային և Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի, Կանաչ կլիմայի հիմնադրամի դրամաշնորհային միջոցների հաշվին: Ծրագրի շրջանակում իրականացվել են էներգաարդյունավետությանը և էներգախնայողությանն ուղղված հիմնանորոգման աշխատանքներ՝ ներառյալ սեյսմակայունության ապահովում, ջերմամեկուսացում, դռների և լուսամուտների փոխարինում, ջեռուցման/հովացման, օդափոխության և օդորակման համակարգերի, լուսավորության համակարգերի փոխարինում և վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրում, հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի հասանելիության ապահովում:
Նոր Նորք վարչական շրջանում վարչապետին ներկայացվել են նաև Բակունցի 5 շենքի վերելակի փոխարինման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը 10 մլն դրամ է: Նշվել է նաև, որ 2019-2022 թթ. ընթացքում մայրաքաղաքում փոխարինվել է 1041 վերելակ, ևս 500-ը՝ նախատեսված է այս տարի: «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, այսինքն՝ բնակիչներին: Հաշվի առնելով խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգությունը՝ քաղաքային իշխանությունը նախաձեռնել է ծրագրի իրագործումը: Վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։
Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Արաբկիր վարչական շրջանը, որտեղ հետևել է թիվ 22 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Ներկայումս ընթանում են մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 316 մլն 644 հազար դրամ: Բակի բարեկարգման պայմանագրային արժեքը կազմում ավելի քան 103 մլն դրամ, ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ: Մանկապարտեզը հիմնանորոգվել է Եվրոպական ներդրումային բանկի, ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ և եռակողմ համաֆինանսավորմամբ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում, բակը՝ Երևան համայնքի բյուջեով:
Աջափնյակ վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 122 հիմնական դպրոցի կառուցման աշխատանքներին, որոնք մեկնարկել են 2020 թ. նոյեմբերին։ Դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Բացումը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 1-ին։ Դպրոցի կառուցման արժեքը կազմել է 1 մլրդ 872 մլն դրամ։ Դպրոցի աշակերտների թիվը 748 է։ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 23,4 մլն դրամ՝ դպրոցի համար անհրաժեշտ գույքի ձեռք բերելու նպատակով:
Վարչապետն այցելել է նաև Աջափնյակ վարչական շրջանի թիվ 111 հիմնական դպրոց, որի կառուցման աշխատանքները սկսվել են 2021 թ. հունվարին և արդեն իսկ ավարտվել են: Բացումը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 1-ին։ Դպրոցի կառուցման արժեքը կազմել է 1 մլրդ 584 մլն դրամ։ Դպրոցի նախագծային հզորությունը նախատեսված է 432 աշակերտի համար, ներկայումս աշակերտների թիվը կազմում է 273։ Անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 19,9 մլն դրամ:
Նույն վարչական շրջանի Երևանի թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան մարզադպրոցում Կառավարության ղեկավարը ծանոթացել է «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին: Շենքի ընդհանուր մակերեսը 1708,1 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 693 մլն 694 հազար դրամ է։ Մարզադահլիճի շենքը ներառում է բազմաֆունկցիոնալ մարզադահլիճ` բադմինտոնի 6 հարթակով՝ համատեղված թենիսի 2 հարթակով, ինչպես նաև՝ հանդերձարաններ, ցնցուղարաններ, շոգեբաղնիք, ադմինիստրատիվ մաս։ Ծրագիրն իրականացվել է «Աջակցություն համայնքներին մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար» միջոցառման շրջանակում։
Կենտրոն վարչական շրջանում վարչապետը նախ ծանոթացել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք մեկնարկել են 2018 թ. վերջին և նախատեսվում է ավարտել 2024 թ. գարնանը: Ներկայումս ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: ՀՀ պետական բյուջեի միջոցներից ձեռք է բերվել նոր կահույք և լուսաձայնային տեխնիկա՝ ընդհանուր 326,9 մլն դրամի շրջանակում:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շատրվանների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով բարեկարգվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը: Այն կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր: Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, 700-800 մ ներքին ցանց, կառուցվել՝ 7 դիտահոր, 2 պոմպակայան: Հանգստի գոտում կլինեն ջրավազաններ, շատրվանային համալիր, կտեղադրվեն նստարաններ, կանցկացվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Ծրագրի արժեքը կազմում է մոտ 349 մլն դրամ է:
Վարչապետի վերջին կանգառը եղել է Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցը, որտեղ կառուցվում է մարզադահլիճ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022թ. հունիսի 13-ին։ Կատարվել է աշխատանքների շուրջ 70 %-ը։ 252 մլն դրամ արժողությամբ ծրագիրն ավարտին կհասցվի մինչ տարեվերջ: Ծրագրով նախատեսված է 24 x 15 մ մարզադահլիճ, հանդիսատեսների համար նստատեղեր և բարեկարգման աշխատանքներ։ Այն իրականացվում է «Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցում/վերակառուցում» միջոցառման շրջանակում։