Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել ՌԴ-ում Հայաստանի դեսպանին: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Հայաստանը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր։ Որպես օրինակներ են նշվել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Կիև այցը և մարդասիրական օգնության տրամադրումը Ուկրաինային, ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը: ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին փոխանցված բողոքի նոտայում ասվում է.
«Անընդունելի են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահայտությունները ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի և ընդհանրապես երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հասցեին»:
Մոսկվան առանձին մտահոգություն է հայտնել բլոգեր Միկա Բադալյանի և Սպուտնիկ Արմենիայի աշխատակից Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ:
Միևնույն ժամանակ, գերատեսչությունից համոզմունք են հայտնել, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, գործընկերության զարգացման և ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն: Խոսքը վերաբերում է նաև ՀԱՊԿ շրջանակում վարժանքների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը Հայաստան՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։
«Ռուսական կողմը կշարունակի գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերն այդ նպատակների իրականացման համար»,- նշված է հայտարարությունում։