ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 7-ին տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է հանձնել «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամին:
Լիցենզիան հնարավորություն կտա հիմնադրամին առավել շահավետ իրականացնել աշխատանքները, քանի որ 2020 թվականի մարտին ընդունված «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կազատվի ԱԱՀ-ից և հնարավորություն կստանա գումարներն ավելի նպատակային օգտագործել:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի անձնակազմին լիցենզիա ստանալու կապակցությամբ, ընդգծել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է տիեզերական գործունեության զարգացումը Հայաստանում:
«Սա նշանակալի իրադարձություն է մեզ համար, քանի որ առաջին մասնավոր ընկերությունն եք, որ տիեզերական գործունեության լիցենզիա եք ստանում: Ձեր կատարած աշխատանքն արդեն իսկ տեսանելի է, և հուսով ենք, որ լիցենզիան ստանալուց հետո էլ ավելի կընդլայնվի ձեր գործունեությունը, ավելի մեծ և ծավալուն աշխատանք կիրականացնեք: Թող սա հիմք հանդիսանա մեր համագործակցության, որպեսզի կյանքի կոչվեն նախանշված բոլոր ծրագրերն ու մտադրությունները»,- իր խոսքում նշել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստակամ է օգնելու, աջակցելու լաբորատորիայի գործունեությանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, կարևորելով հիմնադրամի աշխատանքը, ընդգծել է, որ ամբողջ աշխարհում տիեզերական տեխնոլոգիաներն այսօր բուռն զարգացում են ապրում, և Հայաստանը չի կարող անմասն մնալ այս գործընթացից:
«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի տնօրեն Ավետիք Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով նախարարությանը, նշել է.
«Տեսնում ենք պետության գործուն աջակցությունը, հեռանկարային մոտեցումը, հետևաբար, ոգևորված ենք և այդ ոգով կշարունակենք իրականացնել մեր գործն ու առաքելությունը: Համոզված եմ, որ տիեզերական գործունեության խթանումը արդյունավետ լոկոմոտիվ կհանդիսանա մեր երկրում բոլոր գիտարար և տեխնոլոգիական ոլորտների զարգացման համար»:
Այնուհետև նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել նորագույն սարքավորումներով հագեցած «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը նախաձեռնել է Hayasat-1 անվանումով CubeSat նանո արբանյակի մշակման, ստեղծման, ծրագրավորման, փորձարկման, արձակման կազմակերպման ծրագրի գործընթացը։ Արբանյակի թեստավորումը կավարտվի սեպտեմբերի վերջին, և նոյեմբերին այն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով: