ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Խաչատրյանը, գլխավոր մարզիչ Արամայիս Հայրապետյանը, մարզիչներ, մեդալակիր մարզիկներ և ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ:
Քիքբոքսինգի մինչև 18 տարեկանների հավաքականը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված WAKO-ի քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում նվաճել է երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ:
13-ամյա Մարկ Միքայելյանը (-32 կգ) և 13-ամյա Սերժ Պապյանը (-32 կգ) լայթ և կիդլայթ ոճերում նվաճել են մեկական արծաթե և բրոնզե մեդալներ, իսկ 15-ամյա Տիգրան Հարությունյանը (-51 կգ) բրոնզե մեդալ է նվաճել ֆուլ-կոնտակտ ոճում:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին ու մարզիչներին գրանցած արդյունքների և գործադրած ջանքերի համար:
«Շնորհակալ եմ, որ այսպիսի լավ ելույթներով բարձր եք պահում Հայաստանի պատիվը, ու ձեր շնորհիվ մեր եռագույնը վեր է խոյանում: Հետևել եմ ձեր մրցելույթներին, գիտեմ՝ ինչպես եք հանդես եկել: Մաղթում եմ, որ հետագայում ձեր հաղթանակների շնորհիվ մեր դրոշը բարձրանա նաև Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ մարզիկներին նաև չեմպիոնական նվաճումներ մաղթելով:
Ֆեդերացիայի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել՝ Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկները տպավորիչ ելույթներ են ունեցել՝ մեկը մյուսի հետևից տանելով գեղեցիկ հաղթանակներ: Նրանց գնահատմամբ՝ Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճել չի հաջողվել գլխավորապես մրցավարական կողմնապահության պատճառով: Հավաքականի կազմում ընդգրկված են եղել մարզիկներ Սյունիքի և Կոտայքի մարզերից, ինչպես նաև Երևանից:
«Բավականին լավ մանկապատանեկան դպրոց ունենք և ակնկալում ենք, որ նրանցից շատերը հետագայում նաև մեծահասակների հավաքականը կհամալրեն: Ունենք մեծահասակներ, որոնք նախապատրաստվում են նոյեմբերին Պորտուգալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մասնակցում ենք բացառապես Քիքբոքսինգի կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (WAKO) կազմակերպած առաջնություններին, քանի որ WAKO-ն օլիմպիական ընտանիքի անդամ է»,- ասել է ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի գործունեությունը 30 տարվա պատմություն ունի:
Հանդիպման ընթացքում ֆեդերացիայի ներկայացուցիչները նաև մի շարք հուզող հարցեր են բարձրացրել՝ կապված, մասնավորապես, մարզական կոչումների և ֆեդերացիաների ֆինանսավորման կարգի հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մարզիկները կստանան իրենց հասանելիք մարզական կոչումները, իսկ մարզիչների պարագայում համընդհանուր մոտեցումը որոշակիորեն փոխվել է, և այդ գործընթացն այժմ դադարեցված է:
Ինչ վերաբերում է ֆինանսավորման կարգին, ապա այս տարվանից Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան ընդգրկված է պետական ֆինանսավորման ծրագրերում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: