Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում գների հաշվարկման ձևաչափերի վերաբերյալ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ ԱՀԱ միջոցների արդյունավետ կառավարման գործում կարևոր է համագործակցությունը մասնագիտացված ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների հետ, ինչը կապահովի թափանցիկությունը և կբացառի կոռուպցիոն ռիսկերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գնագոյացման քաղաքականության և բուժաշխատողների վարձատրության հետ կապված մոտեցումները:
Ընդգծվել է, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ կարելի է ստանալ բնակչության առողջապահական ծառայությունների ծախսերը թեթևացնող և բժշկին դիմելիությունը մեծացնող ԱՀԱ համակարգ: Իսկ ապագայում ապահովագրավճարը կծածկի հիվանդանոցային հիմնական ծառայությունների, առողջության առաջնային պահպանման օղակի սպասարկման, դժվարամատչելի հետազոտությունների և ախտորոշիչ ծառայությունների զգալի մասը: