Կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատեց 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները:
«Այս միջոցառումների փաթեթը նախաձեռնել ենք՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք այսօր առկա են արտաքին շուկաներում՝ հիմնականում կախված արտարժութային շուկաներում հայկական դրամով ապրանքների թանկացման և դրա հետևանքով մրցակցության դժվարացման հետ. այսինքն՝ խաղողի և խաղողից արտադրված կոնյակի արտահանումը հիմնական շուկաներ դժվարացել է»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Քերոբյանի խոսքով, այդ խնդիրները հանգեցրել են նրան, որ կոնյակի արտադրման գործում խաղող մթերողները այս տարի նախապատրաստվել են մոտ 65 հազար տոննայով ավելի քիչ խաղող մթերել, քան նախորդ տարիներին:
«Այդ խնդիրը լուծելու, խաղողի գնի ընդունելի նվազագույն սահմանաչափ սահմանելու (դա 110 դրամն է), ինչպես նաև խաղողի մթերման դիմաց արագ վճարումներ իրականացնելու համար մենք նախատեսել ենք միջոցառումների շարք, որը բաղկացած է հետևյալ գործողություններից.
1. Մենք, ինչպես նախորդ տարի, տրամադրում ենք բյուջետային երաշխիքներ խաղող մթերող ընկերությունների համար, որպեսզի իրենք կարողանան արագ և ավելի լավ պայմաններով վարկավորում ստանան և ավելի արագ վճարեն խաղողի մթերման դիմաց:
2. Մենք մտցրել ենք լրացուցիչ սուբսիդավորման գործիք մեծ քանակով խաղող մթերողների համար: 5000 տոննայից ավելի խաղող մթերողների համար նախատեսել ենք լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում 1 կիլոգրամ խաղողի համար, իսկ 10 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար 50 դրամ խաղողի գնի սուբսիդավորում, որը պետք է թույլ տա, որ խաղող մթերողները լավ գնով մթերեն խաղողը և իրենց ապրանքի առումով մրցունակ լինեն արտաքին շուկաներում:
Մյուս գործիքը, որն այս տարի առաջին անգամ առաջարկում ենք կիրառել, խաղողի կոնյակի գնումն է պետական ընկերության կողմից, որը պետք է թույլ տա, որպեսզի մենք նախ հասկանանք, թե խաղողի արտահանման հետ կապված դժվարություններն ինչպիսին են, բայց նաև, մյուս կողմից, տանք լրացուցիչ դրամական հոսքեր խաղող մթերող ընկերություններին, որպեսզի իրենք կարողանան մթերման ամբողջ ծավալն իրականացնել: Այս գործողությունների համախմբությունը թույլ է տալիս վստահ լինել, որ մենք, առաջին, կապահովենք խաղողի ողջ ծավալով մթերումը, երկրորդ՝ կապահովենք նվազագույն 110 դրամ 1 կգ խաղողի համար գինը, ինչպես նաև կապահովենք այն, որ խաղողագործները հնարավորինս արագ վճարում կստանան իրենց արտադրած ապրանքի համար»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ առկա է 2 շեմ: «Մենք առաջին խումբ շահառուներին, որոնց պայմանականորեն փոքր արտադրողներ ենք անվանում, ասել ենք՝ եթե 5000-ից 9000-ի սահմաններում կմթերես, մեր աջակցության շահառուն ես: Այսինքն՝ 5000-ը գերազանցող յուրաքանչյուր հազար տոննայի համար, որը 4000 տոննա կարող է լինել, առավելագույնը կարող են ստանալ 120 մլն պետական աջակցությունը, եթե 9000 տոննան լրացրին: Մյուս խումբը, որոնք 10000-ը գերազանցողներն են, յուրաքանչյուր 5000 տոննայի դեպքում կստանան 250 մլն դրամ աջակցություն: Այս կազմակերպությունները կարող են 10 հազարով ավելի շատ մթերել՝ 20 հազարը գերազանցել»,- ասաց նա: