Վրաստանը պետք է ավարտին հասցնի դատական բարեփոխումների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը՝ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու պայմանների լիարժեք կատարման համար։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին։
«Թեման բավական կարևոր է։ Մենք վստահորեն կատարում ենք առաջարկությունները: Մնում է ավարտին հասցնել ԿԸՀ-ի հարցը։ Այն առանձնահատուկ կարևոր է։ Մենք սպասում ենք նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, որը պետք է ստանանք դատական բարեփոխումների վերաբերյալ»,- ասել է Վոլսկին։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այսօր երկօրյա այցով կժամանի Թբիլիսի: Երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը այցը գնահատել է որպես Եվրամիության աջակցություն Վրաստանին: Ընդդիմության կարծիքով՝ այս այցը որոշիչ կլինի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի տրամադրման գործընթացում: