Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` Երևանի ավագանու ընտրությունների անկախ մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խմբի անդամներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանի և իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանի հետ։ Այդ մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից:
«Պատշաճ ընտրական գործընթացի կազմակերպումն իրավունքի գերակայության և ժողովրդավարության կարևոր ցուցիչ են։ Արդյունավետ համագործակցության պայմաններում կարող ենք խնդիրներին լուծումներ տալ նախքան դրանց ծագելը։ Այս հանդիպումը հնարավորություն է առկա խնդիրները, մեզ մոտ ստացվող բողոքները, ինչպես նաև օրենսդրական բացերը միասին քննարկելու, և լուծման մեխանիզմներ մշակելու տեսանկյունից»,- ողջունելով հյուրերին՝ ասել է Պաշտպան Անահիտ Մանասյանը։
Հանդիպման ընթացքում իրականացվել է մի շարք հարցերի առնչությամբ քննարկում, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրված և ներկայումս ևս հավանական խնդիրները, նախանշվել են համագործակցության ուղղություններ։
Անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի պատշաճ իրացմանը։
Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ այս տարի շուրջ 180 ընտրատեղամաս մատչելի կամ մասամբ մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար, բոլոր ընտրատեղամասերում առկա կլինեն բրայլյան կաղապարով քվեաթերթիկներ, որոնք հնարավորություն կտան տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին քվեարկել անձամբ։ Նա ներկայացրել է նաև ընտրական օրենսդրության վերջին փոփոխությունները, ինչպես նաև ընտրական գործընթացին առնչվող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ հանձնաժողովի մոտեցումները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրություններին ընտրական իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այդ օրը աշխատակազմն աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ հետևելով և արձագանքելով մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև դրանց առնչությամբ Պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ: