ԱՄՆ-ը ռուս գործարարներից առգրավված ակտիվները կուղարկի Ուկրաինա` երկրի Զինված ուժերի վետերանների կարիքների համար՝ Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Առաջին անգամ մենք Ուկրաինային ենք հանձնում պատժամիջոցների շրջանակում ռուս օլիգարխներից առգրավված ակտիվները, որոնք այժմ կօգտագործվեն ուկրաինացի վետերաններին աջակցելու համար»,- նշել է Բլինքենը: ԱՄՆ պետքարտուղարությունից էլ հայտնել են, որ խոսքը 5,4 մլն դոլարի մասին է։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նույնքան գումար ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ առգրավել էին ռուսաստանցի միլիարդատեր, «Ցարգրադ» մեդիաընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Կոնստանտին Մալոֆեևից:
Բլինքենը նաև ասել է, որ Վաշինգտոնը «նկատելի առաջընթաց» է տեսնում ուկրաինական հակահարձակման մեջ: «Դա շատ հուսադրող է: Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ոչ միայն հակահարձակման հարցում հաջողության հասնելու, այլև երկարաժամկետ հեռանկարում ուժեղ զսպող գործոն, ուժեղ պաշտպանական կարողություններ ապահովելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նա հիշեցրել է նաև Ուկրաինային «շարունակական և ամուր աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին»։ Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել էր ուկրաինական հակահարձակմանը՝ նշելով, թե այն «ձախողվել է»:
Տարածաշրջանային և միջազգային նորությունները` տեսաշարում: