Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Նոր Խարբերդ գյուղի մի խանութի աշխատակից և հայտնել, որ մի երեխա խանութում տվել է կեղծ 20 հազար դրամանոց: Նա հավելել է, որ սեպտեմբերի 2-ին նույնպես եղել է նման բան, և կասկածներ ունի, որ երեխաներին դիտավորյալ տալիս են գումարը և ուղարկում խանութ:
Ահազանգով նշված խանութ է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը:
Ըստ նախնական տվյալների` 2009 թ. ծնված մի տղա օնլայն-խանութի միջոցով գնել է 20 հազարանոց հուշանմուշ թղթադրամներ և սեպտեմբերի 1-ին դրանցից մեկը տվել իր հասակակից մեկ այլ տղայի: Իր հերթին նա էլ թղթադրամը տվել է 18-ը նոր բոլորած մի պատանու՝ հայտնելով, որ այն հուշանմուշ է: Վերջինս էլ գիտակցելով, որ թղթադրամը կեղծ է, սեպտեմբերի 2-ի երեկոյան հիշյալ խանութի աշխատակցուհուն խնդրել է այն մանրել, և վաճառողը պատանուն է տվել նույն արժեքի մանր թղթադրամներ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: