Վրացական պետհամարանիշներով մեքենաներով Հայաստան մուտքի ժամանակ ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները պետք է որպես գրավ վճարեն մաքսազերծման ամբողջ գումարը: Կառավարության ճեպազրույցների ժամանակ թեմային անդրադարձել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ մանրամասնելով քննարկման փուլում գտնվող նախագիծը:
«Ինչո՞ւ ես և Դուք պետք է այդ մաքսազերծման վրա գումար ծախսենք, գնանք հայտարարագիր ներկայացնենք, վճարենք բոլոր մաքսերը, տուրքերը, հարկերը, իսկ այդ մեխանիզմով մարդիկ չվճարեն դրանք: Այսինքն՝ ես և Դուք անհավասար պայմաններում ենք»,- ասաց Ռուստամ Բադասյանը՝ հիշեցնելով, որ վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի տարածքում վարելու համար, իսկ ՀՀ տարածքում վրացական համարանիշով ավտոմեքենա վարելու բացառությունները վերաբերում են այն դեպքերին, երբ քաղաքացին գործի բերումով կամ զբոսաշրջային նպատակով գալիս է Հայաստան՝ գործ ունի, զբոսաշրջային նպատակով, և կարիք ունի սեփական մեքենայով երթևեկելու:
«Երբ որ այս մեխանիզմն օգտագործվում է մեքենան չմաքսազերծելու, բայց այդ մեքենան մշտապես ՀՀ տարածքում պահելու համար, ես և Դուք հայտնվում ենք անհավասար իրավիճակում: Բայց այստեղ կարևոր մի բան կա, որը ես ընդունում եմ: Երբ որ պետությունը՝ ի դեմս ՊԵԿ-ի, դրան անմիջապես չի արձագանքում, չի ասում՝ ժողովո՛ւրդ ջան, այդ ինստիտուտը դրա համար չէ, և արագ փոփոխություններ չի նախաձեռնում, մարդիկ ասում են՝ բա ո՞նց ենք մենք այս ամեն ինչից օգտվել, հիմա ՊԵԿ-ը վեր է կացել ու ասում է՝ չես կարող»,- ասաց Բադասյանը՝ խոստանալով լսել նաև քաղաքացիների տեսակետը հարցի վերաբերյալ:
«Համաձայն եմ, որ ՊԵԿ-ն այս ամեն ինչում մեղավորություն ունի, որովհետև ինքն ամեն ինչի արագ պետք է արձագանքի: Ինքը ուղղորդող դեր պետք է կատարի քաղաքացու, իրավաբանական անձի համար, բացատրի, որ այս ինստիտուտը չարաշահման համար չէ, և երբ որ տեսնում է, որ չարաշահվում է, անմիջապես պետք է արագ այդ փոփոխությունը նախաձեռնի, որ մարդիկ 1 օրում անակնկալի չգան:
Ես իրենց հորդորում եմ, որ այդ ցայտնոտի վիճակից դուրս գան»,- ասաց Բադասյանը:
ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ ինչ որոշում էլ կայացվի, անպայման լսելու են քաղաքացիներին, և այնպիսի ողջամիտ ժամկետներ են սահմանվելու, որ վարորդները ժամանակ ունենան հարմարվելու նոր իրավիճակին:
«Ցավոտ որոշում չի լինելու: Մենք լսելու ենք մեր քաղաքացիներին, և այնպիսի որոշում ենք կայացնելու, որ մարդիկ անակնկալի չգան և միանգամից ինչ-որ հետևանքներ չզգան»,- ասել է նա: