Նույնիսկ կարելի է ասել, որ «Վայլդբերրիսը» վատ իմաստով գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում, քան տեղական շրջհարկով աշխատող փոքր, միջին ձեռնարկությունները: Կառավարության նիստից հետո ճեպազրույցում անդրադառնալով Wildberries-ի հետ կապված առևտրականների դժգոհություններին՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Բնականաբար, այն գնային առավելությունը, որ կա, մենք տասնյակ տարիներով քննարկում ենք, մեր սուպերմարկետներն ավելի էժան են ապրանքը վաճառում, քան փոքր խանութները գնում են այդ ապրանքները»,- ասաց նախարարը՝ նշելով, որ մեծ մասշտաբով առևտուր անելու ժամանակ ավելի էժան գնով ապրանքների հասանելիություն կա:
«Մեզ դիմել են մի շարք ընկերություններ: Մենք հիմա ուսումնասիրություն ենք անում՝ հասկանալու համար՝ կա՞ մրցակցության խաթարում, թե՞ ոչ, բայց միաժամանակ մեր գործընկերներին կարող եմ առաջարկել դիմել ՄՊՀ, եթե տեսնում են մրցակցության խաթարում, և այնտեղ փորձել լուծել խնդիրները»,- ասաց Վահան Քերոբյանը: