Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների մասին վերջին լուրերի համաձայն՝ ռուսական զորքերը հրետակոծել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա բնակավայրի կենտրոնական շուկան: Արկերի ընկնելուց հետո առևտրային տաղավարներում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 16 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխա, ևս 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել է հարվածի տեսագրությունը և ընդգծել. «Կրակի տակ են հայտնվել շուկան, խանութները, դեղատունը, մարդիկ, որոնք ոչ մի վատ բան չեն արել, բազմաթիվ վիրավորներ կան: Ցավոք, զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել։
Ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին: Ռուսական այս չարիքը պետք է որքան հնարավոր է շուտ հաղթահարվի»,- ասել է նախագահը։
Նախնական տվյալներով՝ վնասվել են 20 խանութ, 8 առևտրային օբյեկտ, էլեկտրահաղորդման գծեր, վարչական և բնակելի շենք, այրվել են ավտոմեքենաներ: Ներկայումս իրականացվում է որոնողափրկարարական գործողություն: Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։