Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել Ռուստեմ Ումերովին պաշտպանության նախարար նշանակելուն: Նրա թեկնածությունն առաջարկել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Այդ մասին հայտարարել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
«Խորհրդարանի 338 պատգամավոր կողմ է քվեարկել Ռուստեմ Ումերովի նշանակմանը, բոլոր խմբակցությունները պաշտպանել են նախագահի առաջարկը»,- գրել է պատգամավորը։
Սեպտեմբերի 3-ին Զելենսկին հայտարարել է Ալեքսի Ռեզնիկովի փոխարեն Ումերովին պաշտպանության նախարար նշանակելու որոշման մասին։ Երեքշաբթի Ռադան կողմ է քվեարկել Ռեզնիկովի հրաժարականին, ինչպես նաև Ումերովին նախկին պաշտոնից հեռացնելուն։
Ումերովը Զելենսկու նախագահության ժամանակաշրջանում չորրորդ պաշտպանության նախարարն է։ Ուկրաինացի քաղաքական գործիչ, ձեռներեց, ղրիմաթաթարական ծագում ունեցող Ումերովը երիտասարդ տարիներին սովորել է ԱՄՆ-ում, կրթությամբ ֆինանսիստ է: 2022 թվականից զբաղեցրել է Ուկրաինայի պետական գույքի հիմնադրամի ղեկավարի պաշտոնը։