Սեպտեմբերի 6-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից:
ԱԽ քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Քարտուղարը ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն է նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը:
Արմեն Գրիգորյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։