ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի գրասենյակն անդրադարձել է սեպտեմբերի 1-ին պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ:
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ արտահայտելու Միացյալ Նահանգների մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Նա կրկնել է Լաչինի միջանցքը հումանիտար, առևտրային և ուղևորափոխադրումների համար կրկին բացելու մեր կոչը՝ միաժամանակ ընդունելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը։
Պետքարտուղարն ընդգծել է երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերի միջև վստահության ամրապնդման կարևորությունը: Նա խոստացել է ԱՄՆ-ի հետագա աջակցությունը խաղաղության գործընթացին»։