Հաշվի առնելով, որ հանրապետությունում մարզակառույցների սղության, պայմանների բացակայության խնդիր կա, առաջարկել ենք, մասնավորապես, Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ ներկայացնելով ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հանրապետությունում նմանը չունեցող մարզահամալիրն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ տարածքով: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, և այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար: «Մարզահամալիրը ԿԳՄՍ նախարարությանը վերադարձնելու և հիմնանորոգելու դեպքում մենք կունենանք պետական գոնե մեկ բազա: Անհրաժեշտությունը բարձր է ու կարևոր, ուստիև խնդրում եմ դրական եզրակացություն»,- նշել է Կարեն Գիլոյանը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով: