Գարնանային նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը ենթադրում է կինոարտադրության ոլորտին պետական ֆինանսավորման մեխանիզմների որոշակի ներդրում կամ առկա մեխանիզմի բարելավում: Եթե ավելի պարզ նկարագրեմ՝ խոսքը Հայաստանում ֆիլմարտադրության դեպքում որոշակի գումարի վերադարձին է վերաբերում: Այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ սեպտեմբերի 6-ին երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր և Թագուհի Ղազարյանի հեղինակած ««Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում են ԱԺ-ից:
Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունը մի շարք առաջարկներ էր ներկայացրել, որոնք հեղինակներն ընդունել են: Առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հեղինակները գումարի վերադարձն առաջարկել էին սահմանել 20 տոկոսի չափով, ինչը վերանայել էին՝ առաջարկելով ամրագրել 10-40 տոկոս:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը լրամշակված նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ գործադիրի ներկայացրած շուրջ 15 առաջարկներն ընդունվել են:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: