Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել ««Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարի տեղակալը նշել է, որ արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատժի ամբողջական վերացման կողմնակից պետության դիրքորոշմանը, սակայն շարունակում է մնալ Հայաստանի կողմից դեռևս չկատարված կարևորագույն միջազգային հանձնառություններից մեկը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։
Կարեն Կարապետյանի խոսքով՝ այն եզակի միջազգային փաստաթղթերից է, որի առնչությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպման ընթացքում, տարին մեկ անգամ, մահապատժի վերացման համընդհանուր արշավի շրջանակներում գրավոր հարցում է իրականացվում ԵԽ անդամ՝ չստորագրած և չվավերացրած երկրների շրջանում, պարզելու համար պատճառները: Բացի այդ՝ ԵԽ Գլխավոր քարտուղարները, գլխավոր քարտուղարի տեղակալները, ԵԽ այլ պաշտոնյաներ քանիցս անդրադարձել են Արձանագրության վավերացմանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում և խնդրել անհրաժեշտ ուշադրություն հատկացնել այս հարցին:
Խոսքն ավարտելով՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի կողմից արձանագրության վավերացումը միջազգային մակարդակով կգնահատվի որպես կարևորագույն դրական առաջընթաց երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման առումով, կամրապնդվի Հայաստանի վարկանիշը որպես իր պարտավորությունները հարգող միջազգային համայնքի անդամ պետություն։