Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Ռումինիայի վարչապետ Իոն֊Մարչել Չոլակուի/Ion-Marcel CIOLACU հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը։ Այս մասին տեղեկացնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից։
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ֊ռումինական հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված դրական դինամիկան, ընդգծվել, որ լավ նախադրյալներ են ստեղծվել երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակ տեղափոխելու համար։
Զրուցակիցները քննարկել են հայ֊ռումինական համագործակցության հեռանկարները քաղաքական, տնտեսական, հեռահաղորդակցության, գիտա֊կրթական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները Հայաստան֊Եվրոմիություն համապարփակ գործընկերության շրջանակներում։
Անդրադառնալով ընդլայնված սևծովյան տարածաշրջանում անվտանգային գործընթացներին՝ դեսպան Մինասյանը Ռումինիայի կառավարության ղեկավարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները։
Հանդիպման ավարտին Ռումինիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար։