ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաև կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
Նախագծով առաջարկվում է նաև փոփոխել կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար տուգանքի չափերը:
«Կառավարությունը շարունակաբար քայլեր է ձեռնարկում ինքնակամ կառույցների կանխարգելման համար և այս իրավախախտումները Հայաստանում դեռևս, ցավոք սրտի, մեծ թիվ են կազմում : Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական տույժի ենթարկվելուց հետո էլ շարունակվում է վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը: Նշված իրավիճակը հետևանք է նաև այն բանի, որ քննարկվող իրավախախտման համար սահանված վարչական տույժերն այս պահին անհամարժեք են դրանց հանրային վտանգավորությանը»,- ասել է Արմենուհի Հարությունյանը՝ մանրամասն ներկայացնելով տուգանքի չափերը:
Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել տուգանքների, շինությունների քանդման, ինքնակամ կառույցների շինարարության կասեցման, ապօրինի շինարարությունների քանդման գործընթացի դանդաղ ընթացքի վերաբերյալ: Բաբկեն Թունյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում բարձրացրած հարցերի վերաբերյալ կազմակերպել փակ քննարկում Քաղաքապետարանի, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: