Գործունեության վայրի պահանջ չունեցող մի շարք գործունեության տեսակների համար սահմանել էինք պարզեցված ընթացակարգ օտարերկրյա ընկերությունների մասնակցության վերաբերյալ: Այսօր անհրաժեշտություն է առաջացել որոշ ոլորտներում կատարել փոփոխություն: Խոսքը վերաբերում է միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի և ռադիոակտիվ թափոնների ներմուծմանն ու արտահանմանը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում ներկայացնելով ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն կարգավորումներ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի, ինչպես նաև միջուկային և ճառագայթային անվտանգության մակարդակի վերաբերյալ՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք հնարավոր չէր նախապես կատարել ազդեցության գնահատում: Վահան Քերոբյանը պատասխանել է, որ ցանկացած կարգավորում որոշ ժամանակ անց կարիք է ունենում լրացուցիչ շտկումների, և սա այդ դեպքերից մեկն է, որ համապատասխան գործակալության հետ լրացուցիչ քննարկումների արդյունքում են հանգել այս որոշմանը:
Նախագիծն ստացել է դրական եզրակացություն: