Թենիսի՝ Միացյալ Նահանգների բաց առաջնության տղամարդկանց մենախաղում ավարտվել է 1/8 եզրափակիչ փուլը:
Մրցաշարի առաջին համար Կառլոս Ալկարասը 3 սեթում դյուրին հաղթանակի է հասել Մատեո Արնալդիի նկատմամբ՝ 6-3, 6-3, 6-4: 2 ժամ տևած պայքարի ընթացքում իսպանացին մրցակցից խլել է 5 գեյմ, իսկ մատուցելիս սխալվել է միայն մեկ անգամ: Առաջին սեթը պարտվելուց հետո, հաջորդ 3 սեթում Դանիիլ Մեվեդևը շատ վստահ է գործել Ալեքս Դե Մինորի հետ մրցախաղում՝ 2-6, 6-4, 6-1, 6-2:
Անդրեյ Ռուբլյովը ևս հաղթել է 4 սեթում՝ 6-3, 3-6, 6-3, 6-4: Նա առավելության է հասել Ջեք Դրեյփերի նկատմամբ: Բրիտանացին մրցակցի մատուցումներից խլել է 2-ը, իսկ սեփականներից զիջել է 4-ը:
Անչափ հետաքրքիր պայքարում է անցել Ալեքսանդր Զվերևի ու Յանիկ Սինների միջև կայացած հանդիպումը: Գերմանիան ներկայացող ռուս թենիսիստը գրեթե 5 ժամ տևած պայքարի արդյունքում առավելության է հասել 5 սեթում՝ 6-4, 3-6, 6-2, 4-6, 6-3:
Կիսաեզրափակչի ուղեգրերը խաղարկելու են Ռուբլյովն ու Մեդվեդևը, Ֆրիցն ու Ջոկովիչը, Ալկարասն ու Զվերևը, Տիաֆուն ու Շելթոնը:
Կանանց պայքարից դուրս է մնացել 5-րդ համար Օնս Ժաբերը: Թունիսի ներկայացուցիչը 2-6, 4-6 հաշվով զիջել է չինուհի Քինվեն Ժենին: Վերջինս քառորդ եզրափակչում կխաղա Արինա Սաբալենկայի հետ: Աշխարհի ապագա առաջին ռակետը 6-1, 6-3 հաշվով առավելության է հասել ռուս Դարյա Կասատկինայի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում միմյանց հետ կմրցեն նաև Մեդիսոն Քիզ-Մարկետա Վոնդրոուշովա, Սորանա Կիրստեա-Կարոլինա Մուխովա և Ելենա Օստապենկո-Քորի Գաուֆ զույգերը: