2023/2024 ուսումնական տարվա համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը կիրականացվի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) dimord.am կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն։
Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-27-ը:
Դիմորդները յուրաքանչյուր առարկայի քննությունը կհանձնեն միևնույն օրը: Ներբուհական քննությունների անցկացման համար Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի (ԳԹԿ) հրամանով մինչև սեպտեմբերի 27-ը ստեղծվել են առարկայական քննական հանձնաժողովներ:
Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30-ը:
Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ պետք է հայտագրի մասնագիտությունները և տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Համաձայն իր դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։ Դիմում-հայտերի առաջին տողով նշված մասնագիտությունն ունի գերակայություն:
Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ:
Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Ավելի բարձր գնահատական ստանալու դեպքում հաշվի կառնվի հանձնած քննության արդյունքը:
Միասնական քննություն հանձնողները յուրաքանչյուր քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցում են 1500 դրամ, իսկ ներբուհական քննություն հանձնողները՝ սահմանված վճարը՝ 1500 դրամ, մուծում են տվյալ բուհի հաշվեհամարին: