Բացարձակ տրամաբանություն չկա այն պնդման մեջ, որ Հայաստանը հակառուսական գործիք է: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Չկա դրա մասին վկայող որևէ փաստ, և չի կարող լինել դրա մասին վկայող արժանահավատ վերլուծություն, որովհետև ՀՀ-ն իրեն միշտ դուրս է դրել աշխարհաքաղաքական բախումներից»,- նշեց նա` միաժամանակ հավելելով, որ ՀՀ-ն իր բոլոր դաշնակցային պարտավորությունները միշտ կատարել է:
Ռուբինյանի խոսքով՝ սխալ է պնդումը, թե իշխանությունները ՀԱՊԿ-ի դիտորդների փոխարեն նախընտրել են Եվրոպական միության դիտորդներին։ Նա հիշեցրեց` Եմ դիտորդների ժամանելու կամ գալու վերաբերյալ քաղաքական որոշումը կայացվել է 2022 թվականի հոկտեմբերին` Պրահայում։
«Կհիշեք քառակողմ հանդիպումը, և այդ պահի դրությամբ ՀԱՊԿ խաղաղապահների թեմա գոյություն չուներ։ Դրանից առաջ ՀԱՊԿ կարճաժամկետ առաքելություն, եթե կհիշեք, եկել էր, այսինքն՝ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումից հետո, բայց Պրահայից առաջ, եկել և գնացել էր, այսինքն՝ մեր առջև երբեք ընտրություն դրված չի եղել՝ ընտրել ԵՄ դիտորդներին, կամ ՀԱՊԿ դիտորդներին»,- ասաց նա:
Ռուբինյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ի դիտորդների թեման բացվել է հետո, երբ արդեն ԵՄ դիտորդների մասին կայացված որոշում է եղել, նաև նշեց` ՀԱՊԿ-ի առաքելությունը չի մերժվել։