Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ մի քանի շաբաթ տևած ականազերծումից հետո հաջողվել է ճեղքել ռուսական զորքերի պաշտպանական առաջին գիծը Զապորոժիեի շրջանի արևմուտքում։ Դա նշանակում է, որ Ուկրաինայի զինված ուժերն ավելի են մոտենում հարավային ճակատում ամրացված խրամատների ցանցին:
Ըստ «Տավրիա» օպերատիվ-ռազմավարական խմբավորման հրամանատար Ալեքսանդր Տարնավսկու՝ Ռուսաստանը իր ռեսուրսների 60%-ն ուղղել է պաշտպանության առաջին գծի կառուցմանը և միայն 20%-ը՝ հաջորդ երկու պաշտպանական շերտերից յուրաքանչյուրին:
Ռուսական կողմը, սակայն, հերքում է այդ լուրը: «Ուկրաինայի զինուժի՝ Զապորոժիեի շրջանում ռուսական պաշտպանության առաջին գիծը ճեղքելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Ռուս զինվորականները պահպանում են իրենց դիրքերը, իսկ Ուկրաինայի զինված ուժերը տեխնիկայի ու մարդկանց մեծ կորուստներ են կրում»,- հայտարարել է շրջանային վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Ուկրաինայի զինուժը երկրի պաշտպանության նախարարությունից ստացել է արհեստական բանականությամբ Saker Scout անօդաչու թռչող սարքեր՝ մինչև 10 կիլոմետր հեռահարությամբ։
ՊՆ-ն հավելել է, որ անօդաչու թռչող սարքի համակարգն այնպես է կառուցված, որ օպտիկայի միջոցով այն ինքնուրույն ճանաչում և ֆիքսում է տեխնիկայի կոորդինատները, տեղեկատվությունն անմիջապես փոխանցում հրամանատարական կետ՝ համապատասխան որոշում կայացնելու համար: