Եվրոպայում անվտանգության նոր համակարգ պետք է ստեղծվի՝ հաշվի առնելով բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի շահերը։ Այդ մասին Le Monde թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։
«Մենք բացասաբար ենք վերաբերվում ոչ թե Ռուսաստանին, այլ նրա պահվածքին, ռուսական ագրեսիային, որը պետք է պարտության մատնել հանուն Ուկրաինայի, հանուն խաղաղության ու անվտանգության ամբողջ աշխարհում»,- ասել է արտգործնախարարը։
Կոլոննան ընդգծել է, որ «Ռուսաստանը կա և կշարունակի գոյություն ունենալ։ Իրականությունը, պատմությունը և աշխարհագրությունը ցույց են տալիս, որ երկրի զգալի մասը գտնվում է եվրոպական մայրցամաքում: Մենք ստիպված ենք Ռուսաստանի հետ գտնել ամուր անվտանգություն վերականգնելու միջոցը՝ հաշվի առնելով բոլորի շահերը կայունության ապահովման ոլորտում»:
Սակայն դա չի նշանակում, որ Ուկրաինան «չի միանա ՆԱՏՕ-ին»,- ասել է Կոլոննան՝ հավելելով, որ Արևմուտքը կշարունակի աջակցել Ուկրաինային, «իր ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում»։