Սոչիում ավարտվել են ռուս-թուրքական բանակցությունները ընդլայնված կազմով՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ: Դրանք տևել են մեկուկես ժամ, հաղորդում է РИА Новости-ն:
Հանդիպման ամենասպասված թեմաներից մեկը հացահատիկի գործարքի ապագան էր:
Բացելով հանդիպումը՝ Պուտինը հայտարարել է, որ ղեկավարների ուշադրությունից չեն վրիպի ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերը, և նշել է, որ Ռուսաստանը բաց է հացահատիկի գործարքի բանակցությունների համար: Նա նաև հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կավարտվեն Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման բանակցությունները՝ էներգետիկ իրավիճակն ավելի կայուն դարձնելու համար:
Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ «հացահատիկի գործարքի» հարցով բանակցությունները նշանակալի կլինեն աշխարհի և աֆրիկյան երկրների համար:
Նա նաև հայտնել է Ռուսաստանի հետ գազի հարցով «բարձր համագործակցության» մասին և նշել, որ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը մեծ նշանակություն ունի երկրի համար:
Նախագահները շփումները կշարունակեն աշխատանքային ճաշի ձևաչափով: Սպասվում է հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: