Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին Բաքուն դեռևս չի արձագանքել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է՝ չկա նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ պայմանավորվածություն: Մհեր Գրիգորյանը նշել է՝ որոշ հարցեր քննարկվում են աշխատանքային շփումների մակարդակով:
Փոխվարչապետն անդրադարձել է նաև Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման հնարավորությանը:
«Որքան էլ որ ապաշրջափակման հարցերը դիտարկենք որպես ապաշրջափակման հարցեր, այնուամենայնիվ, ընդհանուր ֆոնը, բնականաբար, պետք է նպաստավոր լինի, որովհետև ի՞նչ ապաշրջափակում, եթե չլինեն կայունություն և խաղաղություն:
Գիտե՞ք, ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, և ապաշրջափակումը հնարավոր կլինի կամ կիրառական կլինի խաղաղության ֆոնին:
Ենթակառուցվածքի և կապի մասով, այո՛, կա փոխադարձ ընկալում և, կարծես թե, համաձայնություն, որ դա տարածաշրջանի համար շատ պոզիտիվ լուծում է՝ որպես տրանսպորտային ենթակառուցվածք, բայց, բնականաբար, դրա շահագործման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս պետք է վերջնական համաձայնեցվեն: Մեր համաձայնեցված լինելը նախևառաջ վերաբերելի է ենթակառուցվածքին, այսինքն՝ այո՛, Երասխից-Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը, կարծում եմ, շատ լավ լուծում է Հայաստանի համար և ընդհանրապես տարածաշրջանում և ընդհանրապես Հայաստանի դերը տարածաշրջանում լոգիստիկ իմաստով ընդգծելու և ավելացնելու համար, բայց դրա հետ կան հարակից բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս վերջնական լուծում կամ վերջնական պայմանավորվածություն որոնց շուրջ դեռևս չկա»,- ասել է նա: