ՎԶԵԲ գրասենյակից հայտնում են՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ և հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը մեկշաբաթյա այց կկատարի Կովկասի տարածաշրջան երկուշաբթի օրը՝ 2023 թ․ սեպտեմբերի 4-ին: Այցը կմեկնարկի Հայաստանում, այնուհետև կշարունակվի Վրաստանում և կավարտվի Ադրբեջանում։
«Առաջին փոխնախագահ Ռիգտերինկը, ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի ուղեկցությամբ, կհանդիպի պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկերի ղեկավար կազմի, բիզնես առաջնորդների և յուրաքանչյուր երկրում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև կներկայացնի ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նախկին տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին հաջորդող Ալկիս Վրյենիոս Դրակինոսին։
Հայաստանում առաջին փոխնախագահը վարկային գծի տրամադրման պայմանագիր կստորագրի տեղական գործընկեր բանկի հետ՝ միտված մասնավոր հատվածի զարգացման հետագա խթանմանը։ Վրաստանում Ռիգտերինկը կազդարարի նոր նախագծի մեկնարկի մասին ՎԶԵԲ-ի հիմնական գործընկեր բանկերից մեկի հետ՝ որպես փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու բանկի հանձնառության մաս: Ադրբեջանում նա կմասնակցի Մասնագիտական կրթության պետական գործակալության կազմակերպած տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման պետական-մասնավոր համագործակցության ծրագրի մեկնարկին, որն ուղղված է սննդի արտադրության ոլորտում հմտությունների զարգացմանը:
Այցին ընդառաջ Ռիգտերինկը նշել է․ «Այս այցը հնարավորություն է հանդիպելու կառավարության ներկայացուցիչների և գործարար համայնքի անդամների հետ՝ քննարկելու տարածաշրջանում առկա առաջնահերթությունները, հատկապես հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և ավելացող տնտեսական անորոշությունը։ Կովկասը կարևոր տարածաշրջան է բանկի համար, և մենք հանձնառու ենք շարունակական աջակցություն առաջարկել ի նպաստ տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացման՝ ներդրումների, խորհրդատվական ծառայությունների և քաղաքականության ներգրավման միջոցով»:
ՎԶԵԲ-ն ավելի քան 10 մլրդ եվրո է ներդրել տարածաշրջանի 680 նախագծերում՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածներում»,- նշված է հաղորդագրությունում: