ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն` վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը: Ըստ այդմ՝ 2020 թվականին գրանցվել է նվիրատվության 4017 գործարք Երևանում, 8674 գործարք` մարզերում, 2021 թվականին՝ 5882 գործարք Երևանում, 12.060՝ մարզերում, 2022 թվականին՝ 7334 գործարք Երևանում, 15.765՝ մարզերում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Առաջարկվում է նոտարների և ՀՀ կադաստրի կոմիտեի համար օրենքով նախատեսված դեպքերում նվիրատվությունների մասով ՀՀ կենտրոնական բանկին` լիազոր մարմնին, հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություն սահմանել:
Ըստ Արա Մկրտչյանի` իրավակարգավորումների անհրաժեշտությունն այն է, որ նվիրատվության գործարք հաստատող, գրանցող լիազոր մարմինը կամ նոտարները սահմանված կարգով լիազոր մարմնին իրենց հաշվետվություններում պարտադիր ներկայացնեն նաև նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկություններ` հետագայում դրանց մոնիթորինգի արդյունքում ռիսկերի գնահատման, ինչպես նաև առանձին դեպքերում փողերի լվացման դեպքերի կանխման կամ բացահայտման նպատակով:
Նշվել է, որ նախագծի ընդունմամբ մեխանիզմներ կստեղծվեն նվիրատվության գործարքների մասով ռիսկերը կառավարելու համար, արդյունքում` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն առավել արդյունավետ կդառնա:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, մատնանշելով որոշակի ռիսկեր, առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացնել առավել ամբողջական վիճակագրություն` պարզելու համար նվիրատվությունների թվի ավելացման իրական պատճառները: Նա նաև հորդորել է Կենտրոնական բանկին` լիազոր մարմնին, հետևել առևտրային բանկերի վարքագծին, քանի որ, ըստ Գևորգ Պապոյանի, որոշ բանկեր վարում են ոչ սպառողամետ քաղաքականություն` գործարքների համար պահանջելով միջնորդավճարներ: Արդյունքում շատերը գերադասում են գործարքները կատարել նվիրատվությունների միջոցով` խուսափելու համար բավականին բարձր միջնորդավճարներ մուծելուց, ինչը նպաստում է նվիրատվությունների թվի ավելացմանը:
Համաձայնելով հանձնաժողովի նախագահի տեսակետների հետ` Արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ նախագծով փորձ է արվում նվազեցնել բոլոր հնարավոր ռիսկերը:
Հանձնաժողովականները քննարկման արդյունքում դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին: