Վայոց ձորի Մարտիրոս գյուղում այրվող խոտածածկույթի հրդեհաշիջման աշխատանքները ժամը 06։50-ի դրությամբ վերսկսվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։08-ին, տեղեկություն էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրի մոտակա սարերում։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու խումբ և փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։
Դեպի Մարտիրոս և Խնձորուտ բնակավայրեր հրդեհի տարածումը կանխվել էր, իրականացվել հրդեհաշիջում Փոռ և Զառիթափ բնակավայրերի ուղղությամբ։
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Արմեն Հենրիկի Գասպարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին Վայքի բուժկենտրոն։
Արմեն Գասպարյանը հոսպիտալացման ճանապարհին
մահացել է։