ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել ԼՂ անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, 32 տարի է անցել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումից:
Հռչակագիրն այդ տարիներին արյունաքամ եղած Լեռնային Ղարաբաղի հայության փրկօղակը դարձավ: Ցավոք, մեր հայրենակիցների հանդեպ չեն դադարում Ադրբեջանի սպառնալիքները, շրջափակումն անդառնալի հետևանքներ է թողնում նրանց կենսակերպի վրա: 120 հազար հայ յուրաքանչյուր օր արթնանում է անորոշության, սպասման և սպառնալիքի ներքո: Քաղաքակիրթ աշխարհի հայացքն անգամ չի սաստում ադրբեջանական նկրտումները, և միջազգային բարձր ատյանի որոշումը չի կատարվում:
Մենք շարունակում ենք ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրների մասին խոսել` ակնկալելով մեր միջազգային գործընկերների ամուր աջակցությունը:
Փա՛ռք ԼՂ անկախության համար անձնվիրաբար զոհված բոլոր քաջերին, ամուր կամք և տոկունություն իրենց հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին»,- ասված է Սիմոնյանի ուղերձում: