«Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այսօր Ադրբեջանը ռազմական առումով Հայաստանից բավականին ուժեղ է, ինչը մենք նաև տեսանք 2020-ի պատերազմի ժամանակ։ Ձեր կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարելի՞ է դիտարկել որպես միջոց՝ կառավարելու, սահմանափակելու Բաքվի գործողություններն Անկարայի միջոցով»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն է ուղղել La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնմանը:
Ի պատասխան` ՀՀ վարչապետը նշել է.
«Մենք չենք կապում և չենք ուզում կապել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, չնայած պետք է ասել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են կապել և, ըստ էության, անընդհատ այդ հարցն առաջ են բերում: Բայց ընդհանրապես, եթե մենք խոսում ենք անվտանգության մասին, որևէ պետություն անվտանգության մասին կարող է խոսել, եթե հարևանների հետ ունի կարգավորված հարաբերություններ: Եվ սա ճիշտ է ոչ միայն ռազմական գերտերություն չհանդիսացող երկրների համար, սա ճիշտ է ընդհանրապես բոլոր դեպքերում, այսինքն՝ որպես բանաձև: Այդպիսի օրինակներ պատմության մեջ շատ են եղել: Թվում է թե, երբ որևէ պետություն ռազմական առումով ուժեղ է, կարող է չմտածել հարևանների հետ և ընդհանրապես կարգավորված հարաբերություններ ունենալու մասին, բայց նաև պատմության շատ օրինակներ, նաև այսօրվա օրինակներ, ցույց են տալիս, որ թվացյալ ռազմական հզորությունը չի նշանակում անխոցելիություն: Եվ, հետևաբար, կարծում եմ, որ խաղաղությունը մի բան է, որով պետք է շահագրգռված լինեն բոլորը` տարածաշրջանի բոլոր երկրները, այլ բան, որ հասկանալի է, որ կան շահեր, որ հեշտ չէ այդ նպատակին հասնել: Բայց, հենց դրանում է քաղաքական առաջնորդության դժվարությունը, որ երբեմն հնարավոր դարձնել այնպիսի բաներ, որոնք թվում են անհնար: Եվ դա շատ դժվար է: Եթե դժվար չլիներ, վաղուց լուծված կլիներ: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, մենք կարևոր ենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Դա շատ կարևոր հարց է Հայաստանի համար, և Անկարա կատարած իմ վերջին այցելության և Թուրքիայի նախագահի հետ իմ ունեցած շփումների արդյունքում ես տպավորություն ունեմ, որ Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Եվ կարծում եմ, որ այստեղ էլ կան հնարավորություններ, իհարկե, կան նաև բարդություններ: Այդ բարդությունների մեջ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ահա, այսպիսի որակը:
Ճշտող հարցին` թեպետ ՀՀ վարչապետը դիտարկում է հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հարցից զատ, բայց կա մեկ այլ խնդիր, այն նույն խնդիրը, որ Ադրբեջանը վերահսկողության տակ է առել Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներ։
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարելի՞ է համարել երաշխիք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար ընդդեմ Բաքվի ճնշումների, և այստեղ ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի մասին»,- հարցին Փաշինյանը պատասխանել է.
«Հասկանալի է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորվածությունն էականորեն կնվազեցնի լարվածությունը Հարավկովկասյան տարածաշրջանում: Իհարկե, այդ ամեն ինչը փոխկապակցված է: Ընդհանրապես, տեսեք, ի՞նչ գաղափարախոսություն ենք մենք հիմա փորձում իրագործել, որը էլի շատ հեշտ չէ: Եվ ինձ նաև այդ հարցն են հաճախ տալիս՝ երաշխիք կա՞, որ այդ գաղափարախոսությունն իրականություն կդառնա:
Վերջերս մի հարցազրույցներից մեկում, երբ լրագրողն ինձ հարց տվեց, և ես հասկանում եմ այդ հարցը, որովհետև դա տարածված ընկալում է ոչ միայն մեր տարածաշրջանից դուրս, այլև հենց մեր տարածաշրջանում, հենց մեր երկրում, որովհետև մենք աշխարհը, կարծես, նաև քաղաքական քարտեզը սովոր ենք ընկալել Արևմուտքի և Արևելքի արանքում կամ Արևմուտքի և Ռուսաստանի արանքում: Եվ լրագրողը հարցրեց՝ ինչպե՞ս եք դիրքավորվում կամ Դուք գտնվում եք Արևմուտքի և Ռուսաստանի արանքում, ես ասացի, որ գիտեք, իրականում սխալ տպավորություն է, որ մենք Ռուսաստանի և Արևմուտքի արանքում ենք:
Մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք, և հետևաբար՝ մեր պետության անվտանգության շահերն առաջին հերթին պարտադրում են, որպեսզի մենք կայուն և կարգավորված հարաբերություններ ունենանք մեր հարևանների հետ, իհարկե, որևէ կերպ չնսեմացնելով աշխարհաքաղաքական կենտրոնների դերը, ազդեցությունը, նշանակությունը և կարևորությունը մեր տարածաշրջանի և իհարկե, նաև մեր երկրի համար»: