Իրավիճակը սահմանին լարված է, բայց հարաբերականորեն կայուն: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` նշելով, որ յուրաքանչյուր պահի իրավիճակը կարող է նորից սրվել: Սիմոնյանի խոսքով` սահմանին կա մեծ կուտակում, փոխհրաձգությունը դադարել է, բայց լարվածությունը շարունակվում է:
ԱԺ նախագահն, անդրադառնալով բանակի հզորացման ուղղությամբ արվող քայլերին, նշեց.
«Մենք մեծ ներդրումներ, ջանք և աշխատանք ենք իրականացնում, այսօրվա միջադեպի ժամանակ նույնիսկ օգտագործվել են հայկական արտադրության զինատեսակներ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին` առավոտյան ժամը 7:50-ից, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակել են Սոթքի և Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից բացի կիրառելով նաև ականանետ ու ԱԹՍ: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: